суббота, 15 декабря 2012 г.

Աշխարհի 7 հրաշալիքներ

 Աշխարհի յոթ հրաշալիքներ (կամ Անտիկ աշխարհի յոթ հրաշալիքներ), վերաբերվում է պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության հոյակապ, համաշխարհային նշանակության կոթողներին: Ներկայումս յոթ հրաշալիքներից կանգուն է մնացել միայն Քեոփսի բուրգը:

 

 

Եգիպտական բուրգեր

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ` Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին: Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2,5 տոննա: Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ:

 

Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես): Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն: Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ 1346 թ-ի երկրաշարժերից):
 

Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին: V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից:
 

Հռոդոսի կոթող

Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը` թշնամուց առգրավված զենքի մետաղից: Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում: Կոթողը կանգուն է եղել 56 տարի: Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը` արաբ տեղապահը: Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում:
 

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում: Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում: Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա: Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ: Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված: Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից:|
 

Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին: Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8,9 մ լայնություն, 42,3 մ երկարություն, 11,1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր: Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի: Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում:
 

Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում: Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի: Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը: Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է: Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի: Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը: 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից: Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում:
 

Комментариев нет:

Отправить комментарий